Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն եվրոպական երկրներին կոչ է արել միավորվել ՌԴ դեմ եւ նոր կոալիցիա ստեղծել: Այս մասին նա ասել է Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովում: Ելույթի տեսանյութը հրապարակվել է նախագահի Facebook-ի էջում:

«Այսօր մենք գտնվում էինք այնպիսի իրավիճակում, երբ Ռուսաստանը մեզ բոլորիս դեմ չհայտարարված պատերազմ է սկսել: Ուստի, հաշվի առնելով այս իրավիճակը, մենք պետք է մտածենք նոր կոալիցիայի, նոր ծրագրերի կամ նոր մոտեցման մասին», - ասել է երկրի ղեկավարը «Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպա. մայրցամաքի նոր օրակարգը» նստաշրջանի ժամանակ:

Պորոշենկոն նաեւ հայտարարել է, որ իր ամերիկյան  գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հարաբերությունները հրաշալի են:

 «Կարծում եմ, ամեն ինչ լավ կլինի: Ուկրաինան հիանալի հարաբերություններ ունի Թրամփի հետ: Ես երկու լիարժեք հանդիպում եմ ունեցել, բազմաթիվ հեռախոսազրույցներ, մենք պաշտպանական սպառազինություն ենք ստացել», — ասել է նա: