Բանակի կազմավորման տարեդարձի առթիվ պաթետիկ ելույթներ շռայլելով, համերգ կազմակերպելով, բանակի կազմավորման գործում ներդրում ունեցողին ու չունեցողին մեդալներով զարդարելով՝ իշխանությունը հասարակությանը չի կարող համոզել, թե մտահոգ է զինվորի անվտանգության, մարտունակ բանակի հարցերով։ Այս կարծիքին է պաշտպանության նախկին փոխնախարար, ազատամարտիկների դաշինքի անդամ Գագիկ Մելքոնյանը։ Վերջինս NEWS.am–ի հետ զրույցում ասաց՝ եթե իշխանությունն այդպիսի կամք ունենար, ապա առաջին գծում կծառայեին նաեւ հարուստների ու պաշտոնյաների որդիները, այն չէր մնա միայն անապահով, անպաշտպան խավի զինվորների ուսերին։
«Տարիներ շարունակ, որ թշնամին զենք էր առնում, զինվում էր ու սպառնում հարձակվել, ասում էինք՝ դե թող փորձի, դե թող հարձակվի, ապրիլին հարձակվեց ու պարզվեց՝ մեր դուխի, ոգու հաշվին ենք պահել բանակը, պարզվեց՝ զենքի խնդիր կա, շատ խնդիրներ կան։ Պետք է սպառազինություն ձեռք բերել, պետք է զինվել։ Հետեւությունները ապրիլյան պատերազմից հետո արվեցին։ Տեսանք, որ առաջին գիծը բանվորին է, գյուղացուն է, հասարակ ժողովրդին է, ցավոք սրտի այդպես է միշտ եղել։ Բանակում եթե լինի արդարություն, առաջին գծում լինեն նաեւ հարուստների, պաշտոնյաների որդիները, նրանք աղքատի որդու հետ կողք կողքի ծառայեն, միայն էս դեպքում բանակը ուժեղ կլինի ու ժողովուրդը չի փախնի երկրից, ծառայությունից։ Իսկ հիմա մարդիկ ամեն գնով փորձում են փախնել բանակից»,–ասաց Գագիկ Մելքոնյանը՝ նշելով, որ տղա երեխա ունեցողները ջանք չեն խնայում նրանց երկրից դուրս տանելու համար։
Ի դեպ NEWS.am–ն օրեր առաջ գրել էր, որ վերջին հինգ տարվա ընթացքում 15009 մարդ հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից։ Այս կապակցությամբ նախկին ոստիկանապետ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր՝ զգալի հատվածը ծառայությունից խուսափելու պատճառով է հրաժարվել քաղաքացիությունից։ ՊՆ նախկին պաշտոնյան էլ է համոզված, որ դա է բուն պատճառը։
Ստեղծված իրավիճակին դարման չեն նաեւ «Պաշտպանության մասին» օրենքի փոփոխությունն ու ուսման տարկետման իրավունքի սահմանափակումը. «Բանակը պետք է սարքել պայմանագրային, վճարեն զինվորներին, նրանք էլ երկիրը պահեն, իսկ ժամկետային զինվորները մեկ տարի ծառայեն, ծանոթանան զենքին, կրակել սովորեն ու վերջ»։ Նախկին պաշտոնյային հույսեր չի ներշնչում նաեւ բանակի ղեկավար կազմի փոփոխությունը։ Ըստ նրա՝ պաշտպանության նախարարի գլխավորությամբ աղերս չունեն ռազմական ոլորտի հետ. «Ես ընդունում եմ մի բան, որ պատերազմական վիճակում գտնվող երկրի բանակի գլուխը պիտի զինվորական կանգնի, զինվորական կրթություն ստանա, բանակը կոլխոզ չէ, զավոդ չէ»։




























