ՀՀ Քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Գոռ Առաքելյանի մահվան հանգամանքները: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Նրա խոսքով, կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են փորձանմուշներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Նշենք, որ այսօր առավոտյան Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է «Յուվեցի Կարո» մականվամբ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի՝ Գոռ Առաքելյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշենք, որ Գոռ Առաքելյանը հայտնի էր Վերնիսաժում կրակոցների գործով: Նա մեղավոր էր ճանաչվել եւ դատապարտվել 6.5 տարվա ազատազրկման: Ազատ էր արձակվել վերջերս՝ Սերժ Սարգսյանի ներումով:




























