Գերմանիայի Քյոլնի ոստիկանությունը դադարեցրել է քրդամետ ցույցը, որին մասնակցել է մի քանի հազար մարդ, ակցիայի երկու մասնակիցները ձերբակալվել են, հաղորդում է DPA գործակալությունը` վկայակոչելով իրավապահ մարմիններին:
«Ակցիայի մասնակիցները, չնայած նախազգուշացմանը, օգտագործել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության արգելված դրոշները եւ Աբդուլլա Օջալանի (առաջնորդը) դիմանկարները», - ասել է ոստիկանության ներկայացուցիչը:
Ոստիկանությունը շեշտել է, որ Գերմանիայում ահաբեկչական կազմակերպության խորհրդանիշների ցուցադրումը արգելված է եւ հետապնդվում է օրենքով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Շուրջ 20 հազար մարդ Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների դեմ մասնակցել է քրդերի բողոքի ակցիային: Ցուցարարները «Էրդողան ահաբեկիչ» եւ «բռնաապետ Էրդողան» վանկարկումներով բարձրացրել են «Քուրդիստանին ազատություն» մակագրությամբ պաստառներ:
Ճանապարհի կեսին ոստիկանները կանգնեցրել են ցուցարարների երթը:




























