Սիրիայի Աֆրին շրջանում գտնվող հնագույն տաճարը տուժել է թուրքական բանակի ռազմական գործողությունների արդյունքում, այս մասին պատմել է քրդական ինքնապաշտպանության ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Ռեյզան Հեդուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ինչպես իրենց պապերն էին ոչնչացնում պատմական հուշարձանները այն շրջաններում, որտեղ ապրում էին հայեր, ասորիներ, հույներ եւ քրդեր, այնպես էլ այսօր թուրքական զորքերը շարունակում են գնալ իրենց նախնիների հետքերով եւ հարձակումներ են գործում Աֆրինի պատմական օբյեկտների ուղղությամբ։ Զգալիորեն տուժել է Այն Դարա հնագույն արամեական տաճարը, որը կառուցվել է առաջին հազարամյակում՝ Քրիստոսի ծնունդից առաջ»,-պատմել է նա։
Տաճարը համարվում է Սիրիայում իր տեսակի մեջ եզակի եւ ամենահին պատմական հուշարձանը: Այն հայտնաբերվել է 1955 թվականին հսկայական բազալտե առյուծի պատահական հայտնաբերման արդյունքում:
Քրդական ինքնապաշտպանության ուժերի ներկայացուցչի խոսքով՝ թուրքական ավիացիան շարունակում է հարվածներ գործել քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ: «Արդեն տասնյակ զոհեր եւ վիրավորներ կան, մեծ մասը կանայք եւ երեխաներ են»,-ավելացրել է նա:
Անկարան հունվարի 20-ից Աֆրինում քրդական կազմավորումների դեմ իրականացնում է «Ձիթենու ճյուղ» օպերացիան։ Դամասկոսը վճռականորեն քննադատել է Թուրքիայի գործողությունները Աֆրինում՝ անվանելով այն իր տարածքի անբաժանելի մաս։
Թուրքական «Ձիթենու ճյուղը» Սիրիայում. քրդերը խոստանում են հակահարված տալ




























