Իսրայելի դաշինքը Մերձավոր Արեւելքի կարեւոր պետությունների հետ կրում է աննախադեպ բնույթ եւ ցույց է տալիս հրեական պետության նկատմամաբ արաբների վերաբերմունքի փոփոխությունը դեպի լավը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ պատասխանելով CNN հեռուստաաալիքի հաղորդավար Ֆարիդ Զաքարիի հարցին։ Զրույցը տեղի է ունեցել հունվարի 26-ին իր աշխատանքներն ավարտած համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում։
Նեթանյահուին հաղորդավարը խնդրել էր մեկնաբանել քաղաքագետների այն կարծիքը, թե Իսրայելը դաշինքի մեջ կմտնի Սաուդյան Արաբիայի եւ Եգիպտոսի հետ, որը որոշիչ գործոն կդառնա Մերձավոր Արեւելքում։ «Ես համաձայն եմ, որ մերձեցում մերձավորարեւելյան մյուս երկրների հետ, որը տասը տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել, գոյություն ունի»,-նկատել է քաղաքական գործիչը։ «Սա արտակարգ երեւույթ է»,-համարում է վարչապետը։ Նրա կարծիքով՝ այդպիսի դաշինքի մեկնարկային կետը «ընդհանուր թշնամու՝ արմատական իսլամի շուրջ մտավախություններն են»՝ ի դեմս «Ալ Քաիդայի» ահաբեկչական ցանցի եւ սուննիական «Իսլամական պետության»։
Դաշինքի ստեղծման մյուս նախապայմանը Նեթանյահուն անվանել է «Իրանի նկատմամբ ընդհանուր դիրքորոշումը»։
«Գոյություն ունեն ընդհանուր շահերի այլ աղբյուր: Դա ոռոգման, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում Իսրայելին ունեցած քաղաքացիական տեխնոլոգիաների կիրառումն է, այս տեխնոլոգիաները կարող են օգնել այդ երկրների բնակչությանը ավելի լավ ապրել»,- նշել է վարչապետը:
Սակայն նա խոստովանել է, որ այս փոփոխությունը դեռ բոլոր արաբներին չէ, որ վերաբերում է, այլ միայն նրանց մի փոքր մասին։ «Սա խաղաղության հույս է տալիս»-եզրափակել է Նեթանյահուն։




























