Լեհական կողմը մտադիր է եւս 5 տարով երկրաձգել Մեծամոր հնագիտական հուշարձանի համատեղ ուսումնասիրության պայմանագիրը։ Այս մասին հունվարի 29-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղար Աշոտ Փիլիպոսյանը։
Նա պատմել է, որ անցած մի քանի տարիների ընթացքում համատեղ պեղումների ժամանակ հայ-լեհական խումբը ուսումնասիրել է միջնաբերդից դուրս տեղակայված քաղաքային թաղամասը, որը թվագրվում է մ․թ․ա․ 2-րդ հազարամյակի վերջ եւ 1-ին հազարամյակի սկիզբ։
2017 թվականին շարունակվել են դամբարանի պեղումները, այնտեղ հայտնաբերվել են ոսկյա իրեր։ Սակայն, Աշոտ Փիլիփոսյանի խոսքով, 2016 եւ 2017 թվականների ամենահետաքրքիր գտածոները շուրջ 1500 անագե ուլունքներն են։
Աշոտ Փիլիփոսյանը նշել է, որ Թյուբինգեն (Գերմանիա) համալսարանում կատարված ուլունքների վերլուծությունը հաստատել է, որ այն իսկապես անագից է։ Սակայն այն պետք է անցնի հետազոտության երկրորդ փուլը, որը ցույց կտա որտեղից է այն գալիս։ Հարցն այն է, որ Հայկական լեռնաշխարհում եւ ամբողջ Մերձավոր Արեւելքում չկա անագի հանքավայր։ Հետեւաբար, այն այստեղ բերել են, բայց թե որտեղից, պետք է դեռ հասկանալ։ Ամենահավանականը Իրանական բարձրավանդակն է։
Հնագետը պատմել է նաեւ Հյուսիսային Միջագետքում գտնված աղյուսակի մասին, որը թվագրվում է մ․թ․ա․ 15-րդ դարին, այն վկայում է այն մասին, որ Նաիրիի բնակիչները այն ժամանակ զբաղվել են անագի վերավաճառքով։



























