Դուբայի քրեական դատարանը տրանզիտային ուղեւոր Ավստրալիայի քաղաքացուն դատապարտել է վեց ամիս ազատազրկման եւ արտաքսման Դուբայի օդանավակայանում իրավապահ մարմնի աշխատակցին վիրավորելու համար, հաղորդում է Arabian Business պարբերականը։
Միջադեպը տեղի է ունեցել 2017 թվականի վերջին, 53-ամյա ավստրալացին Լոնդոնից մեկնում էր Սիդնեյ՝ Դուբայ տրանզիտով։ Նրա չվերթը հետաձգվել է եւ 4 ժամ սպասելուց հետո ուղեւորներին դուրս են հրավիրել ինքնաթիռից եւ առաջարկել գիշերել օդանավակայանի հյուրանոցում։
Մաքսային աշխատողը դիմել է տղամարդուն ուղեբեռը եւս մեկ անգամ ստուգելու համար, սակայն տղամարդը չի ենթարկվել՝ բղավելով, որ իր թռիչքը շատ երկար է եղել։ Ոստիկանությունը ստիպված է եղել նրան ձերբակալել, սակայն ավստրալացին դիմադրել է, որի արդյունքում ոստիկանները եւ տղամարդը գետին են ընկել, ինչի արդյունքում իրավապահ մարմինները տրավմա են ստացել։




























