Դերասան Արմեն Ջիգարխանյանի հետ ամուսնալուծության նախօրեին նրա կինը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, հաշտեցման վերջին փորձն է արել: Վիտալինան հյուր էր եկել ռուսական Առաջին ալիքի «Թող խոսեն» ծրագրին, որպեսզի խոստովաներ մեղքերն ու ներում ստանար ամուսնուց, իսկ  բարենպաստ հանգամանքներում՝ նաեւ չեղարկել ամուսնալուծությունը, որը պետք է տեղի ունենա հունվարի 31-ին, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա» -ը:

Հաղորդման ընթացքում Վիտալինան հայտնել է, որ ամեն օր սպասում է ամուսնուն տանը. «Ես նրան դուրս չեմ գրել բնակարանից: Ես չեմ դիմել ամուսնալուծության համար: Արմեն Բորիսովիչի անունից դատարան է դիմել իր փաստաբանը: Ես ուղղակի ցանկանում եմ խոսել ամուսնուս հետ, որն այժմ վարձակալված բնակարանում է ապրում: Ես կսպասեմ նրան, եւ պատասխանատվություն կկրեմ նրա համար», - մասնավորապես նշել է Ռոմանովսկայան:

«Ինձ համար սա սիրո պատմություն է, իսկ Արմեն Բորիսովիչի համար ամենայն հավանականությամբ՝ սեփականության բաժանման պատմությունը: Ես համոզված եմ, որ որոշ ժամանակ անց նա ինձ կզանգահարի: Այդպես արդեն եղել է, երբ նրա ցանկությամբ մենք մեկուկես տարի չէինք շփվում: Բայց հետո նա զանգահարեց, եւ մենք հանդիպեցինք, կարծես ոչինչ էլ չէր պատահել: Նա հաճախ ասում է, որ չի կարող ներել ինձ: Ես ուզում եմ հարցնել նրան, թե կոնկրետ ի՞նչը նա չի կարող ինձ ներել», - ասել է Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան: