Ուկրաինան հայտարարել է ցամաքային տեղակայման թեւավոր հրթիռի հաջող փորձարկման մասին, որն ունակ է ճշգրտորեն խոցել ցամաքային եւ ծովային թիրախները։ Այս մասին փորձարկման ավարտին հայտնել է Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը։
Նրա խոսքով՝ այն ամբողջությամբ մշակվել է «ԳոսԿԿԲ «Լուչ» պետական ուկրաինական ձեռնարկության մասնագետների կողմից մյուս պետական եւ մասնավոր ձեռնարկությունների հետ համագործակցությամբ։
Տուրչինովը նաեւ հայտնել է, որ Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհուրդը, որը համակարգում է ազգային հրթիռային ծրագիրը, խնդիր է դրել «մշակել ոչ միայն ցամաքային, այլ նաեւ ծովային եւ օդային տեղակայման թեւավոր հրթիռների համալիր»։ «Մեր թեւավոր հրթիռների գործողությունների հեռավորությունը եւ նրանց մարտական պատրաստությունը չի հակասում Ուկրաինայի կողմից ստորագրված միջազգային պայմանագրերին»,-հավելել է նա։
«Սա Ուկրաինայի համար շատ կարեւոր իրադարձություն է, քանի որ Բուդապեշտյան մեմորանդումին համապատասխան ուկրաինական բանակի տոտալ զինաթափումից հետո Ուկրաինայի զինված ուժերի զինանոցում չէր մնացել ոչ մի թեւավոր հրթիռ»,-հաղորդել է Տուրչինովը։




























