Եվրահանձնաժողովը Գերմանիայից եւ Եվրամիության անդամ մի շարք երկրներից պահանջել է մինչեւ փետրվարի 5-ը օդի ախտոտվածության բարձր մակարդակի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ ձեռնարկել։ Եթե չձեռնարկվեն այնպիսի քայլեր, որոնք անհապաղ կբերեն օդում պարունակվող վնասակար նյութերի նվազմանը մինիչեւ թույլատրելի մակարդակ, Բրյուսելը դատական հայց կներկայացնի Եվրոպական միության դատարան։ Այս մասին հունվարի 30-ին հայտարարել է էկոլոգիայի եւ ձկնորսության հարցերով հանձնակատար Կարմենու Վելլան, փոխանցում է DW-ն։

Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Չեխիայի եւ Սլովակիայի շրջակա միջավայրի նախարարների հետ ճգնաժամային հանդիպման ավարտին հանձնակատարը ոչ բավարար է անվանել այն միջոցները, որոնք այս երկրները նախատեսում են ընդունել օդի ախտոտվածության դեմ։ Նա պարզաբանել է, որ այդ պլանները դեռ կստուգվեն։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովը տուգանքների գործընթաց էր սկսել ինը երկրների դեմ՝ նրանց մեղադրելով օդում վնասակար նյութերի մակարդակի հարցով ԵՄ օրենսդրության խախտման մեջ։ Այս գործընթացի երրորդ փուլը ԵՄ դատարան հայց ներկայացնելն է։ Դա տեղի է ունենում, եթե նախազգուշացումից հետո պահանջներն անկատար են մնում։  

Բրյուսելի տվյալներով՝ ամեն տարի ԵՄ-ում 400 հազար մարդ է մահանում օդի ախտոտվածության պատճառով։