Սիրիայում ռուսական զինվորականների կողմից ժամանակակից եւ հեռանկարային ավելի քան 2 հարյուր տեսակի զենքներ են կիրառվել։ Այս մասին Սիրիայի հատուկ գործողությունների արդյունքների ամփոփման ռազմագործնական համաժողովի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
«Պաշտպանության նախարարության տվյալներով՝ կիրառվել են ժամանակակից եւ հեռանկարային 215 տեսակի զենքեր, ինչպես նաեւ զինված ուժերում այսօր կիրառվող ռազմական տեխնիկայի մեծամասնությունը»,-ասել է Պուտինը։
«Լավ սպառազինված ահաբեկչական խմբավորումների ոչնչացումը Սիրիայում ցուցադրեց մեր բանակի ուժը։ Գործողությունների ընթացքը ցույց տվեց ռուսական զենքի հուսալիությունն ու արդյունավետությունը»,-նշել է Պուտինը։
Նա հիշեցրել է, որ մարտական պայմաններում առաջին անգամ օգտագործվել են ռազմավարական ավիացիայի ինքնաթիռներ։ «Օպերատիվ մարտավարական ավիացիան եւ անօդաչու թռչող սարքերը բավականին լավ, եթե չասենք արժանապատվորեն կատարեցին իրենց առջեւ դրված խնդիրները, իսկ հակաօդային պաշտպանության Ս-400 եւ «Պանցիր» համալիրները կործանիչների հետ մեկտեղ ապահովեցին մեր ռազմատիեզերական ուժերի գերազանցությունը Սիրիայի օդային տարածքում»,-շեշտել է նա։
Պուտինը նշել է նաեւ, որ ռազմածովային նավատորմը՝ մասնավորապես, նավերը եւ սուզանավերը դիպուկ հարվածներ են հասցրել ահաբեկիչների ենթակառուցվածքներին։
Խոսելով ռուսական ռազմական տեխնիկայի թերությունների առկայության մասին՝ Պուտինը հայտարարել է դրանք վերացնելու անհրաժեշտության մասին։




























