Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսի մասնակիցները Սիրիայում սահմանադրական խորհրդի ստեղծման որոշում են կայացրել։ Այս մասին հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան՝ հավելելով, որ այն բաղկացած կլինի կառավարական եւ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Դե Միստուրան նշել է, որ Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսի քննարկումները հեշտ չեն եղել, բայց դա նորմալ է։ «ՄԱԿ-ի եւ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի անունից ուզում եմ ասել, որ ձեր հռչակագիրում, որով նախանշվում է բոլոր սիրիացիների խաղաղ ապագայի տեսլականը, դուք նշանավորեցիք ժնեւյան քաղաքական կարգավորման սկզբունքները»,-հայտարարել է Միստուրան։
Միստուրան նշել է, որ սիրիական սահմանադրական կոմիտեն կարող է սկսել աշխատանքները, իսկ Սիրիայի հարցով ժնեւյան գործընթացը շարունակվում է։




























