Նոր Սահմանադրության լիազորությունների շրջանակում Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը նախագահի լավ թեկնածու է։ Այս մասին Հանրապետական խմբակցության պատգամավոր, ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանն ասաց NEWS.am–ի հետ զրույցում։

Դիտարկմանը՝ Արմեն Սարգսյանի թեկնածությունը առաջ քաշելը ցույց տվեց, որ ՀՀԿ–ում ու հանրապետականամերձ միջավայրում փաստորեն Սերժ Սարգսյանը չկարողացավ գտնել մի նախագահացու, ՀՀԿ–ականը արձագանքեց. «Ես չեմ կարծում, որ նախագահը չգտավ թեկնածու։ Գտել էր բազում թեկնածուներ, բայց տվյալ թեկնածուն՝ Արմեն Սարգսյանը, բոլոր թեկնածուներից ունի առավելությունը՝ իր կյանքի փորձով, իր մշակույթով, ինչի չէ նաեւ վկայակոչենք տվյալ անձնավարության կարճ ժամանակով վարչապետ աշխատելը։ Ուզում եմ ասեմ՝ տվյալ թեկնածուն 4–րդ նախագահի կարգավիճակով ու ֆունկցիայով ինքը լավ թեկնածու է»։

Անվտանգության խորհրդի կազմից ԱԺ եւ ՀՀԿ նախագահների անդամակցությունը  հանելու վերաբերյալ Միհրան Պողոսյանն իր մասնավոր կարծիքն ունի, որը չհրապարակեց։ Հրապարակման ենթակա համարեց այն կարծիքը, ըստ որի՝ 2016–ին քվեարկությունը եղել է այս Սահմանադրության օգտին»։ «Մենք բոլորս քվեարկել ենք այս Սահմանադրության համար։ Ես մասնավոր իմ կարծիքն ունեմ դրա հետ կապված, բայց քվեարկել ենք այս Սահմանադրության համար»։

Հիշեցնենք, որ ապրիլի 9–ից անվտանգության խորհուրդը անցնելու է վարչապետի ենթակայության ներքո, փոխվելու են գործառույթները, խորհրդակցական մարմնից վերածվելու է որոշումներ կայացնող մարմնի։ Ըստ ՀՀԿ–ականների մեկնաբանությունների՝ նոր խորհրդում ՀՀԿ եւ ԱԺ նախագահները որեւէ հարցում ի պաշտոնե որեւէ դերակատարում չունեն, քաղաքական առումով նրանց անդամակցությունը որոշ ՀՀԿ–ականների համար շարունակում է մնալ վիճելի հարց։