Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը մտահոգված է Իսրայելի ապագայով։ Նա նշել է, որ մտահոգությունը կապված է իսրայելա-պաղեստինյան խաղաղության բանակցություններում երկարատեւ փակուղու հետ, հաղորդում է AP-ն:
«Լինելով Իսրայելի եւ նրա արտաքին գործերի նախարարի ընկերը՝ ես անկեղծորեն մտահոգված եմ Իսրայելի միջնաժամկետ տարբերակներով։ Ո՞րն է Իսրայելի ռազմավարությունն այս հակամարտությունում։ Նախարարների մի մասը ակնհայտորեն դեմ են երկու պետությանը։ Խառը ազդանշաններն աննկատ չեն մնում Եվրոպայում, որտեղ ակնհայտորեն աճում է վրդովմունքը կապված Իսրայելի գործողությունների հետ»,-նշել է նա։
Գաբրիելը նշել է նաեւ, որ ԱՄՆ նախագահի ջերմ գրկախառնությունները միշտ չէ որ արտացոլում են Իսրայելի շահերը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն երկար ժամանակ տարածաշրջանում հանդես էր գալիս որպես «միջնորդ»՝ չնայած Իսրայելի հետ սերտ հարաբերություններին։ «Կարո՞ղ են ամերիկացիները նախկինի պես այդ դերը ստանձնել»,-հարց է տալիս նախարարը։
Նախօրեին Գաբրիելը Երուսաղեմում հանդիպել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի ժամանակ նշել էր, որ Իսրայելը միշտ կարող է հույսը դնել Գերմանիայի վրա որպես արդար գործընկերոջ իր անվտանգության պաշտպանության հարցում։




























