Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների ղեկավարները հանդիպել են Վաշինգթոնում։  ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության ղեկավարը BBC-ին տված հարցազրույցում պատմել է, որ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի հետ քննարկել է Ռուսաստանից ու Միջին Ասիայից  Սիրիա գնացած զինյալների վերադարձի վտանգները։

Մի քանի օր առաջ գաղտնի Վաշինգթոն էր ժամանել Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը եւ հանդիպել ԿՀՎ ղեկավար Մայք Պոմպեյի հետ։ Նարիշկինի հետ ԱՄՆ էին ժամանել Ռուսաստանի գլխավոր շտաբի  գլխավոր վարչության ղեկավար Իգոր Կորոբովը եւ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, հաղորդել էր Washington Post-ը։

Ե՛վ Նարիշկինի, ե՛ւ Կորոբովի նկատմամբ ԱՄՆ-ն սահմանել է անհատական պատժամիջոցներ։ Ընդ որում, համաձայն ամերիկյան օրենքների՝ նրանք աշխատանքային այցով կարող են ժամանել ԱՄՆ, եթե դա չի սպառնում երկրի շահերին՝ թույլատվության որոշումը կայացնում է պետքարտուղարը՝ ներքին անվտանգության նախարարության համաձայնությամբ։

Պոմպեյը նշել է, որ չնայած ԱՄՆ-ն Ռուսաստանին դիտում է որպես միջուկային արսենալով իր հակառակաորդի, սակայն ահաբեկչության դեմ պայքարում եւ «մի քանի այլ ոլորտներում» ռուսական եւ ամերիկյան հատուկ ծառայությունները կարող են եւ պետք է համագործակցեն։

Պոմպեյը հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահը ամերիկյան հետախուզությանն ուղղված «բարի խոսքեր է ասել»։ Այսպես, դեկտեմբերի 17-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրուցի ժամանակ Պուտինը շնորհակալություն է հայտնել ԿՀՎ-ին այն տեղեկության համար, որը օգնել էր ձերբակալել ահաբեկիչներին, որոնք պայթյուններ էին պատրաստում Սանկտ Պետերբուրգի Կազանսկի տաճարում։