Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Շենգավիթի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի գործով դատական նիստն այսօր` փետրվարի 15-ին, հետաձգվեց: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Իշխան Բարսեղյանը գրություն էր ուղարկել, որով տեղեկացրել էր, որ վատառողջ է եւ չի կարող ներկայանալ դատարան` նշելով, որ այդ վիճակով ի վիճակի չէ մասնակցել իր վերաբերյալ քննվող քրեական գործով դատական նիստին: Նա դատարանից խնդրել է դատական նիստը հետաձգել 20-25 օրով, մինչեւ բուժման կուրսի ավարտը:

Մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանը նշեց, որ դատարանը պետք է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ճշտի, թե ինչքան ժամանակ է հարկավոր Իշխան Բարսեղյանի բուժման կուրսն ավարտելու համար, ամբաստանյալն իր առողջական վիճակով հնարավորություն ունի դատական նիստին մասնակցել, թե ոչ: Մեղադրողը նշեց, որ դատարանը դատական նիստը պետք է հետաձգի ոչ թե 20-25 օր, այլ  մեկ շաբաթով:

Դատարանը դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով, հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 22-ին:

 Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո: