Վահագն Աբգարյանի («Ալավերդցի Վահագնի») կողմից կաշառք ստանալու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով կալանավորված Թաթուլ Շուշանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շուշանյանի փաստաբան Կարեն Թումանյանը:
Նշենք, որ նա զբաղեցրել է Լոռու մարզային քննչական վարչության պետի պաշտոնը, սակայն սկանդալային բացահայտումից հետո Աղվան Հովսեփյանի հրամանով ազատվել է աշխատանքից եւ օրը կալանավորվել:
Կարեն Թումանյանը նշեց, որ իրենք վերաքննիչ բողոք են ներկայացրել Թաթուլ Շուշանյանի կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:
Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Շուշանյանը Ալավերդցի Վահագնից 5000 դոլար կաշառք է վերցրել:
Ավելի վաղ ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ստացվել առ այն, որ Կամո Փիրուզյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Վահագն Աբգարյանի եւ սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Վլադիմիր Դավթյանի օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար պետական հատուկ ծառայություն իրականացնող ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձանցից մեկն իր լիազորությունների շրջանակներում ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք, իսկ մի շարք այլ պաշտոնատար անձինք, շահադիտական եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչի որոշմամբ Կամո Փիրուզյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործից հիշյալ պաշտոնատար անձանց վերաբերյալ մասը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով, անջատվել է առանձին վարույթ եւ ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու միջնորդությամբ:
Նշենք, որ Կ. Փիրուզյանի սպանության համար ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել Ալավերդի քաղաքի բնակիչ Վլ.Դավթյանին։




























