ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու 20.000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամ կեղծելու եւ իրացնելու դեպքի բոլոր հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2018 թվականի հունվարի 30-ին հաղորդում է ստացվել առ այն, որ հունվարի 25-ին Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայում գործող դեղատներից մեկում դեղորայք գնելու նպատակով  վճարվել է 1 հատ 20.000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամ, որը, ինչպես հետագայում պարզվել է, եղել է կեղծ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել են դեղատան անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության։  Տեսանյութում երեւում է, որ 20.000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամը, որը, ինչպես հետագայում պարզվել է, կեղծ է,  դեղատան աշխատակցին ներկայացրել է մի երիտասարդ կին։

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննություն ապահովելու, երիտասարդ կնոջ մոտ կեղծ թղթադրամի հայտնվելու հանգամանքները պարզելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարներում պատկերված կնոջը հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք լուսանկարներում պատկերված անձին  ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին, կամ ովքեր ճանաչում են նրան, որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի  մասին, հայտնեն ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: