ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ եթե Ռուսաստանի նպատակն ամերիկյան հասարակության մեջ դիսոնանսի եւ քաոսի տարածումն էր, ապա հետաքննությունների եւ ԱՄՆ Կոնգրեսում ծավալված բազմաթիվ լսումների շնորհիվ ՌԴ-ն հասել է իր նպատակին: Նման կարծիք ԱՄՆ նախագահը հայտնել է կիրակի օրը թվիթերյան իր էջին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Եթե Ռուսաստանի նպատակն ԱՄՆ-ում դիսոնանսի, պառակտման եւ քաոսի ստեղծումն էր, ապա Կոնգրեսի կոմիտեներում այս բոլոր լսումներով, հետաքննություններով եւ կուսակցական ատելությամբ նրանք իրականացրեցին իրենց ամենա-ամենա երազանքները: Մոսկվայում իրենք անհագ ծիծաղում են: Ամերիկա, խելացի եղիր»- գրել է ԱՄՆ առաջնորդը:

Բացի այդ, Թրամփն ընդգծել է, որ իր նախընտրական շտաբի՝ Մոսկվայի հետ դավադրության մասին պնդումները հորինվածք են՝ նշելով, որ երբեք չի հերքել Ռուսաստանի նախագահի միջամտությունն ԱՄՆ նախագահական ընտրություններին: «Ես երբեք չեմ ասել, որ Ռուսաստանը չի միջամտել ընտրություններին: Ես ասել եմ, որ «դա կարող էր լինել Ռուսաստանը, Չինաստանը կամ այլ երկիր կամ խմբավորում, կամ 400 ֆունտ կշռող մի հանճար, որն անկողնում պառկած խաղում է համակարգչով»: «Հորինվածք է» այն, որ Թրամփի նախընտրական արշավը դավադրության մեջ էր Ռուսաստանի հետ, ինչը երբեք չի եղել», - գրել է նա: