Արագածոտնի մարզի Իրինդ գյուղում գայլերի հարձակման պատճառով Մարկոսյանների 14 հոգանոց ընտանիքը մնացել է առանց ապրուստի միջոցի: NEWS.am-ի հետ զրույցում Իրինդի համայնքապետարանի քարտուղար Սուսաննա Պետրոսյանն ասաց, որ առանց այդ էլ ծանր սոցիալական պայմաններում ապրող Մարտուն Մարկոսյանի ընտանիքի ապրուստի միակ միջոցը ոչխարի հոտն է եղել, որը գայլը հոշոտել է:
«Մարկոսյանների տունը գյուղի ծայրում է գտնվում, գայլերը մտել են եւ 25-ից ավելի ոչխար եւ գառ են հոշոտել: Իրենք շատ վատ սոցիալական պայմաններում են ապրում, եւ ապրուստի միակ միջոցը այդ ոչխարներն ու գառներն էին, որից էլ զրկվեցին»,- ասաց տիկին Սուսաննան` նշելով, որ նման դեպք իրենց գյուղում առաջին անգամ է լինում, որ գայլերը գոմ մտնեն եւ հոշոտեն ոչխարներին:
Համայնքապետարանի աշխատակիցը հավելեց, որ իրենք փոխհատուցման հարցով արդեն դիմել են մարզպետարան, սակայն դեռ որեւէ պատասխան չեն ստացել:




























