Էկոկրթությունը մեր ծրագրում ներառված է, բայց ինչպես ձեռնարկատիրական կրթությունը, ֆինանսական կրթությունը, քաղաքացիական կրթությունը, դա տարալուծում ենք մեր եղած առարկաների մեջ, հակառակ պարագայում մեր աշակերտների պայուսակը կդառնա 25 կգ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:

Նրա խոսքով, էկոկրթությամբ զբաղվող մեր մասնագետներն ուզում են, որ մտցնենք հատուկ դասագիրք եւ հատուկ դասընթաց. «Պատկերացրեք, նույն բանն ասում են իրավաբանական կրթության, քաղաքացիական կրթության ջատագովները: Արդյունքում, երբ մենք այդ ամբողջ ծավալը մտցնում ենք դպրոց... ի վերջո, երեխան 35 ժամից ավելի չի կարող չէ՞ գնալ դասի: Շաբաթական ամենամեծ ծանրաբեռնվածությունը պետք է լինի 5 անգամ 7, այսինքն 35 ժամ: Եթե դրա մեջ մտնում են էկոկրթությունը, մյուս կրթությունները առարկայի տեսքով, ինչ որ բան պետք է դուրս գա, չէ՞: Դուրս է գալիս մաթեմատիկան, ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը: Մենք առաջարկում ենք, որ էկոկրթության դրույթները տարալուծենք այլ առարկաներում: Թող մի մասն անցնեն կենսաբանության մեջ, մի մասը՝ աշխարհագրության, մի մասը պատմության մեջ: Հակառակ պարագայում մենք մեր երեխաներին վնասում ենք»,-հայտարարեց Լեւոն Մկրտչյանը: