Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի «պատմական հողերը» (Երեւանն ու Զանգեզուրը–խմբ.) վերադարձնելու մասին հայտարարությունը պաշտոնական Բաքվին տհաճ իրավիճակի մեջ են դրել՝ Ռուսաստանը եւ Ֆրանսիան բացահայտ կերպով հորդորել են Բաքվին դադարեցնել սադրիչ հայտարարությունները: Այս մասին Eurasianet տեղեկատվական հարթակում գրել է վերլուծաբան Բրեդլի Ջարդինը:

Հեղինակի խոսքով, խնդրին շատ արագ արձագանքել է  միջազգային հանրությունը: Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հիշեցրել է, որ ներկայում Ադրբեջանը խիստ լարված հարաբերությունների մեջ է հարեւան Հայաստանի հետ, ուստի Ալիեւի նմանօրինակ հայտարարությունները «բացահայտ կերպով չեն օգնի նպաստելու լարվածության թուլացմանը»:

Ապա խնդրին անդրադարձել է նաեւ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ նախազգուշացնելով Ադրբեջանի ղեկավարությանը զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք կբորբոքեն նոր լարվածություն երկու երկրի միջեւ եւ այդպիսով կվնասեն նաեւ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին:

Հեղինակն ընդգծում է, որ որոշ մեկնաբաններ Ալիեւի վերջին թշնամական հռետորաբանությունը պայմանավորում են արտահերթ նախագահական ընտրություններով, որոնք կայանալու են ապրիլի 11-ին:

Նա շեշտում է, որ Ադրբեջանում նոր նախագահի քվեարկությունը տեղի կունենա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից երկու օր անց:

Ջարդինը նշում է նաեւ, որ Հայաստանի առաջնորդն ակնկալվում է, որ կզբաղեցնի երկրի վարչապետի պաշտոնը խորհրդարանական կառավարման համակարգի անցնելուց հետո: «Երկու առաջնորդներն էլ պարտավորվել են ակտիվացնել ղարաբաղյան խաղաղության գործընթացը»,- եզրափակել է Ջարդինը: