Եգիպտոսում առաջիկա նախագահական ընտրություններից առաջ փետրվարի 24-ին սկսվել է նախընտրական քարոզարշավը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ընտրությունների ազգային հանձնաժողովի ընդունած ժամանակացույցի համաձայն՝ այն կտեւի մոտ մեկ ամիս եւ կավարտվի քվեարկությունից մեկ օր առաջ՝ մարտի 25-ին:
Գրանցման ընթացքում, եւ մինչեւ վերջին օրը փաստաթղթերը ներկայացրած միակ թեկնածուն գործող նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին էր: Ընտրությունների ազգային հանձնաժողովը պաշտոնապես մերժել էր ընտրություններին գրանցել Եգիպտոսի նախկին գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Սամի Անանին, ում դեմ զինվորական դատախազությունը հետաքննություն է սկսել քաղաքականությամբ զբաղվելու իր ծրագրերի հետ կապված, ինչն արգելված է օրենքով:
Մրցավազքից դուրս գալու մասին է հայտարարել նաեւ ակտիվիստ եւ փաստաբան Խալեդ Ալին, որը նոյեմբերին էր հայտնել առաջադրվելու ցանկության մասին: Նա հասցրել էր բժշկական հանձնաժող անցնել, բայց վերջին պահին փոխել էր որոշումը:
Կային նաեւ այլ պոտենցիալ մասնակիցներ, ովքեր հայտարարել էին բարձրագույն պետական պաշտոնի համար պայքարելու ցանկության մասին, բայց հետագայում հրաժարվել էին: Արդյունքում գրանցման ավարտից մի քանի ժամ առաջ փաստաթղթեր ներկայացրեց երկրորդ թեկնածուն` «Ալ-Գադ» (վաղը) կուսակցության ղեկավար Մուսա Մուսթաֆա Մուսան, որին շատ փորձագետներ համարում են տեխնիկական անձ:
Սահմանադրության համաձայն՝ յուրաքանչյուր թեկնածու իրավունք ունի նախընտրական քարոզչության համար ծախսել ոչ ավել, քան 20 միլիոն եգիպտական ֆունտ (ավելի քան 1 միլիոն դոլար):




























