Վրաստանի վարչապետի այցը Հայաստան երկկողմ հարաբերությունների զարգացման դրական խթան կծառայի եւ  բեկում կառաջացնի: Այս մասին մարտի 3-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վրացագետ Ալիկ Էրոյանցը:

Միեւնույն ժամանակ, Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի այցի ամենամեծ ձեռքբերումը, ըստ փորձագետի, այս տարի միջկառավարական հանձնաժողովների համատեղ նիստ անցկացնելու մասին հայտարարությունն էր:

«Հիշեցնեմ, որ վերջին տարիներին այդպիսի նիստ չի եղել: Եղել են տարբեր տեսակի եւ մակարդակի հանդիպումներ, որոնց արդյունքում երկու երկրների տարբեր նախարարությունների միջեւ համագործակցություն է ծավալվել», - բացատրել է Էրոյանը:

Բացի այդ, փորձագետը ընդգծել է, որ վրացի ուսանողների եւ երիտասարդների հետ շփումների արդյունքում նա եկել է այն եզրակացության, որ Վրաստանում շատ քիչ բան գիտեն Հայաստանի եւ հայկական մշակույթի մասին, մինչդեռ Հայաստանում Վրաստանի մասին ավելի շատ բան գիտեն, քանի որ հայերն ավելի հաճախ են այնտեղ լինում: «Երիտասարդությունը երկու երկրների ապագան է: Հետեւաբար, սա շատ կարեւոր հարց է: Նրանց միջեւ կապը պետք է պահպանվի, զարգացվի եւ ընդլայնվի », - ասել է Էրոյանը: