«Սասնա ծռերի» անդամ Արամ Հակոբյանի կյանքին վտանգ է սպառնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արամ Հակոբյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանը` նշելով, որ Արամ Հակոբյանն այս պահին գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում»:
«Անցած տարվա փետրվարից Արամ Հակոբյանի առողջական վիճակը վատացավ եւ մինչեւ հիմա նրա վիճակն անփոփոխ է, ծանր է: Նրա անոթների անհրաժեշտ հետազոտությունները`օրինակ կորոնոգրաֆիա, չեն կատարել «Դատապարտյալների հիվանդանոցում», որպեսզի հասկանան, թե ինչ բուժումներ պետք է իրականացվեն: Ցանկացած պահի Արամ Հակոբյանի կյանքը վտանգված է, ինսուլտի հավանականություն կա, եւ այդ վիճակը արդեն մեկ տարի է տեւում»,- ասաց նա:
Ըստ պաշտպանի` Հայաստանի հանրապետությունը ի դեմս քրեակատարողական հիմնարկի, ի դեմս դատական համակարգի ամբաստանյալի առողջական խնդիրները լուծելու ուղղությամբ որեւէ արդյունավետ քայլ չի ձեռնարկում:
«Կառավարությունը հիվանդությունների ցանկ է որոշել, որոնք անհամատեղելի են պատժի կրման հետ, Արամ Հակոբյանը ունի այդ հիվանդություններից, սակայն դրանց զարգացման աստիճանը չի ճշտվել,որպեսզի հասկանանք, թե կարող են դրանք ազդել Արամ Հակոբյանի վրա, թե ոչ: Մեր պահանջն է համալիր դատաբժշկական փորձաննքություն կատարվի, հիվանդությունների զարգացման աստիճանը որոշվի, որպեսզի հասկանանք`կարող ենք դիմել խափանման միջոցը փոխելու համար, թե` ոչ»,-ասաց պաշտպան Գյուրջյանը:
Նշենք, որ Արամ Հակոբյանի մոտ ախտորոշվելեն հիպերտոնիա, հիպերտենզիա եւ մի շարք հիվանդություններ, որոնցից որոշները ներառված են կառավարության 825 որոշման մեջ: Այդ հիվանդությունները պատկանում են այն հիվանդությունների շարքին, որոնք պատժի հետագա կրման հետ անհամատեղելի են:




























