Այս շաբաթվա ցրտերն ու ձյան տեղումները Մեծ Բրիտանիայի տնտեսությանը հասցրել են օրական ոչ պակաս, քան 1 մլրդ ֆունտ սթերլինգի (1,38 մլրդ դոլար) վնաս: Այս մասին հայտնում է Observer պարբերականը:

Անցնող շաբաթվա 3 ամենացուրտ օրերին միայն շինարարական ինդուստրիայի վնասը, շաբաթաթերթի տեղեկություններով, կազմել է մինչեւ 2 մլրդ ֆունտ սթերլինգ (2,76 մլրդ դոլար):

Պարբեականը չի բացառում, որ ձմեռային տարերքի ուղղակի եւ անուղղակի հետեւանքների պատճառով սկսվող տարվա առաջին եռամսյակում Միացյալ Թագավորության ՀՆԱ աճը, հնարավոր է, կրկնակի կրճատվի՝ ակնկալվող 0,4-ից մինչեւ 0,2 տոկոս ցուցանիշների համեմատ: Նման արդյունքի կարող է բերել մեկը մյուսի հետեւանքով ծնվող խնդիրների շղթան. այսպես՝ եղանակային վատ պայմանների պատճառով երկաթուղային եւ ավիաչվերթների չեղարկում, ձյան կուտակումներ եւ մերկասառույցի հետեւանքով առաջացած ճանապարհային պատահարներ, որոնք բերել են ավտոճանապարհների փակման, թույլ չեն տվել մարդկանց հասնել մինչեւ աշխատավայր:

Նույն պատճառներով հումքը չի հասել ձեռնարկություններին, ինչը հանգեցրել է պատրաստի արտադրանքի արտադրության դադարեցման: Եղանակային պայմանների առաջացրած փոխադրման խնդիրների պատճառով շատ խանութներ, սրճարաններ, ռեստորաններ եւ սպասարկման ոլորի այլ ձեռնարկություններ անսովոր կերպով դատարկվել են, նաեւ մշակույթի, զվարճանքների եւ սպորտի հաստատությունները:

Մեծ Բրիտանիայում եղանակային ծանր պայմաններն առաջացել են հզոր սառը հոսանքի հետեւանքով, որը տեղական լրատվամիջոցներն անվանել են «սիբիրյան» կամ «Արեւելքից եկած գազան»: Սա հանգեցրել է ջերմաստիճանի կտրուկ նվազման, որի արդյունքում ներկայիս շաբաթը սպառնում է դառնալ 1991 թվականից ի վեր Միացյալ Թագավորությունում ամենացուրտը: Իրավիճակը խորացրել է նաեւ այն, որ հյուսիսարեւելյան հակացիկլոնը Մեծ Բրիտանիայում բախվել է ատլանտյան «Էմմա» փոթորկին, որը շարժվել է Ազորյան կղզիների կողմից, այսինքն՝ հարավ-արեւմուտքից: