Հայաստանում լիզինգային ծառայություններ մատուցող ընկերությունների քիչ քանակությունը պայմանավորված է օրենսդրական կարգավորման թերություններով: Այս մասին մարտի 6-ին կայացած կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վարչապետի երրորդ հանձնարարականը վերաբերում էր լիզինգային գործունեության զարգացմանը: «Ներկայումս Հայաստանում լիզինգի ծառայություն են մատուցում 2 մասնագիտացված լիզինգային ընկերություններ, 31 ունիվերսալ վարկային կազմակերպություններից 3-ը, գործող 21 առևտրային բանկերից՝ 5-ը: Նման ցուցանիշը պայմանավորված է տարբեր հանգամանքներով, այդ թվում՝ օրենսդրական թերի կարգավորումներով: Մասնավորապես՝ օրենսդրությամբ սահմանված չեն լիզինգի բոլոր տեսակները և դրանց առանձնահատկությունները, անհրաժեշտ խթանող մեխանիզմները, հստակ չեն նման պայմանագրերի վաղաժամկետ դադարեցման ընթացակարգերը, ինչպես նաև՝ կողմերի պարտավորությունների լիարժեք շրջանակը։ Լիզինգային գործունեության տարածումը դրական ազդեցություն կունենա արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտում, հատկապես՝ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման տեսանկյունից, ինչպես նաև` կստեղծի բարենպաստ պայմաններ՝ բանկային ծառայությունների ընդլայնման համար»,-նշել է կառավարության ղեկավարը։ Այդ նպատակով վաչապետը հանձնարարել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին 1-ամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել օրենսդրական փոփոխությունների առաջարկություններ՝ ուղղված լիզինգային գործունեության զարգացմանը, այդ թվում՝ անդրադառնալով թերի օրենսդրական կարգավորումների հստակեցման, պարզեցման, ինչպես նաև՝ ոլորտը խթանելու մեխանիզմների հարցերին։
Ներկա պահին Հայաստանում լիզինգ են տրամադրում 2 մասնագիտացված ընկերություններ, 3 ունիվերսալ վարկային կազմակերպություններ եւ 5 բանկեր:




























