Քաղաքացիական հասարակության կազմակերպություններն իրենց խիստ մտահոգությունն ու վրդովմունքն են արտահայտում «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամ Անդրեաս Ղուկասյանի նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդման փաստի վերաբերյալ:
Տարածված հայտարարության մեջ ասվում է.
«Տեղական եւ միջազգային կազմակերպությունները բազմիցս բարձրաձայնել եւ արձանագրել են, որ իշխանությունները «պատժում են» Անդրեաս Ղուկասյանին նրա քաղաքական հայացքների համար: Սակայն այդ գնահատականները շարունակում են անուշադրության եւ անտարբերության մատնվել ոչ միայն ՀՀ իշխանությունների, այլ նաեւ ՀՀ իշխանությունների հետ համագործակցող միջազգային կազմակերպությունների կողմից:
Անդրեաս Ղուկասյանին ութ այլ անձանց հետ մեղադրանք է առաջադրվել 2016 թվականի հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ մասնակցելու համար: Սակայն ներկայումս միայն Ա. Ղուկասյանն է ենթարկվում վերոհիշյալ մեղադրանքով քրեական հետապնդման, որի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը չի փոխվում, չնայած բազմաթիվ միջնորդություններին եւ նա շարունակում է մնալ անազատության մեջ:
ՀՀ վերաքննիչ դատարանում Անդրեաս Ղուկասյանի պաշտպանի կողմից խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ ներկայացված բողոքի քննության ժամանակ դատավորը հարց է ուղղել, թե արդյոք Անդրեաս Ղուկասյանը շարունակելու է իր ընդդիմադիր գործունեությունը, եթե ազատ արձակվի: Եվ ստանալով Անդրեաս Ղուկասյանի դրական հաստատուն պատասխանը, ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել չփոխել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանքը, թողնելով անազատության մեջ:
2017 թվականի փետրվարին 23-ին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը գրանցել է Անդրեաս Ղուկասյանի գանգատը:
Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացվող գանգատում առաջին անգամ բարձրացվել է Կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտման հարցը: Այս հոդվածը նպատակ ունի արգելելու քաղաքական ընդդիմադիրների դեմ պետական իշխանության չարաշահումը, եւ Եվրոպական դատարանն այն մեկնաբանում է որպես պետական մարմինների ցանկացած «թաքնված մտադրությունների» դեմ միջոց:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Անդրեաս Ղուկասյանի գանգատին քննության առաջնահերթություն է տվել (Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Կանոններ, Կանոն 41), ինչը ենթադրում է, որ Դատարանը պետք է կարճ ժամկետներում հարցեր ուղղի ՀՀ Կառավարությանը խախտումների վերաբերյալ:
Այնուամենյանիվ, ավելի քան 12 ամիս անց Դատարանի կողմից ՀՀ Կառավարությանը հարցեր չեն առաջադրվել: Այս հանգամանքը լրացուցիչ մտահոգություններ է առաջացնում, որ ՀՀ Կառավարությանը հարցերի առաջադրման ձգձգումը կարող է պայմանավորված է լինել Դատարանում աշխատող ՀՀ իրավաբանների ազդեցությամբ:
Այս առնչությամբ պահանջում ենք
ՀՀ իշխանություններից
անհապաղ դադարեցնել Անդրեաս Ղուկասյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը եւ նրան ազատ արձակել:
Եվրոպական Միությանը եւ Հայաստանի Հանրապետության հետ համագործակցող միջազգային կառույցներին
Քաղաքական հետապնդումների, եւ մասնավորապես Անդրեաս Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջը դարձնել Հայաստանի Հանրապետության հետ իրենց հարաբերությունների զարգացման հիմնական նախապայմաններից մեկը:
Մարդու իրավունքների Եվրպական Դատարանին
Հետեւողականություն եւ պատասխանատվություն դրսեւորել քաղաքական ենթատեքստ ունեցող գործերի քննության նկատմամբ, առավել եւս, երբ այդ գործերի քննության համար սահմանվել է առաջնահերթության կարգ»:



























