Եվրամիությունը չի ճանաչում ՌԴ նախագահի ընտրությունների արդյունքները Ղրիմի տարածքում: Այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք չենք ճանաչում Ղրիմում կայանալիք ընտրությունները, եւ մենք կոչ կանենք հարգել այդ տարածքում ապրող մարդկանց իրավունքները», - երկուշաբթի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Մոգերինին:

Նշենք, որ Ռուսաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 18-ին: ՌԴ նախագահի պաշտոնին հավակնում է 8 մարդ՝ Սերգեյ Բաբուրինը («Ռուսական համաժողովրդական միություն» կուսակցություն), Պավել Գրուդինինը (ՌԴ Կոմունիստական կուսակցություն), Վլադիմիր Ժիրինովսկին (Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն), Վլադիմիր Պուտինը (ինքնաառաջադրում), Քսենյա Սոբչակը («Քաղաքացիական նախաձեռնություն»), Մաքսիմ Սուրայկինը («Ռուսաստանի կոմունիստներ»), Բորիս Տիտովը (Աճի կուսակցություն), Գրիգորի Յավլինսկին («Յաբլոկո»): Նրանց ազգանունները այբբենական հենց այս կարգով էլ կլինեն քվեաթերթերում:

Հիշեցնենք, որ Ղրիմը ռուսական շրջան է դարձել այնտեղ 2014-ի մարտին անցկացված հանրաքվեից հետո, որի ժամանակ Ղրիմի ընտրողների 96,77 տոկոսը եւ Սեւաստոպոլի բնակիչների 95,6 տոկոսը քվեարկել են Ռուսաստանի կազմի մեջ մտնելու օգտին: Ղրիմի իշխանությունները հանրաքվեն անցկացրել են 2014-ի փետրվարին Ուկրաինայում պետական հեղաշրջումից հետո: Ուկրաինան, ինչպես նախկինում, Ղրիմն իր, սակայն ժամանակավորապես օկուպացված, տարածքն է համարում: Ռուսաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Ղրիմի բնակիչները ժողովրդավարական ճանապարհով, միջազգային նորմերի եւ ՄԱԿ Կանոնադրության լիակատար համապատասխանությամբ քվեարկել են Ռուսաստանին վերամիավորվելու օգտին: Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Ղրիմի հարցը «վերջնականապես փակված է»: