«Առավոտ»-ը զրուցել է Երեւանի մամուլիակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ՝ Հայաստանում ինտերնետային հեռարձակման հնարավոր սահմանափակման վերաբերյալ: Թերթը հիշեցնում է, որ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը դեռ 2009-ի նոյեմբերին «Առավոտի» դիտարկմանը, թե հեռուստատեսային հեռարձակման արտոնագիրը տրամադրվում է կոնկրետ կապուղու համար եւ չի կարող վերաբերել հեռարձակման ընդհանրապես բոլոր այլ ձեւերին`այսպես էր արձագանքել. «Հեռուստահեռարձակումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված է որպես գործունեության ձեւ, եւ ըստ էության՝ հեռուստահեռարձակող հարմարվում են օրենսդրությամբ արտոնագրված ընկերությունները»:
Ըստ նրա դիրքորոշման` իրական ժամանակում հեռարձակումները` անգամ բջջային հեռուստատեսությամբ կամ համացանցով, պետք է իրականացվեն միայն արտոնագրի առկայության դեպքում: Սա հաշվի առնելով` Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանից թերթը հետաքրքրվել է, թե արդյոք մտավախություն չունի՞, որ այժմ`մրցութային գործընթացի ավարտից հետո, կարող է փորձ արվել խոչընդոտել նաեւ համացանցային հեռարձակումը: «Կարող ենք սպասել, որ այդպիսի քայլ լինի, – պատասխանել է Նավասարդյանը: -Մանավանդ որ` ինտերնետը զարգանում է, եւ ավելանում է ինտերնետով հեռարձակում իրականացնելու եւ քաղաքացիների կողմից այն դիտելու հնարավորությունը: Մոտենում է ընտրությունների հերթական փուլը, եւ պարզ է, որ այս պայմաններում կարելի է սպասել այդպիսի փորձերի: Եվ հենց այդ պատճառով շատ կարեւոր է` ինչքան հնարավոր է արագ հստակեցնել Հայաստանի օրենսդրությունը: Դրա համար կա լուծում` ցանկացած հեռարձակում, այդ թվում` ինտերնետային, պիտի թույլատրվի արտոնագրման պարզ ընթացակարգով: Ես կողմնակից եմ, որ այդ կարգի հեռարձակումն ընդհանրապես չդառնա արտոնագրման առարկա»:





























