Կա հետտոնական դեպրեսիա հասկացություն, որն ուղեկցվում է տրամադրության անկմամբ, դատարկության եւ ինքնասպառման զգացողությամբ: Այսօր՝ հունվարի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց հոգեբան Կարինե Նալչաջյանը:

Ըստ նրա՝ թեթեւակի տրամադրության անկումը կարող է վերաճել դեպրեսիայի այն պարագայում միայն, երբ մարդը հոգեբանական այլ խնդիրներ ունի, այլապես դեպրեսիան առավել բարդ ախտորոշում է: Օրինակ հետամանորյա տխրությունը սթրեսի կարող է վերաճել:

«Երբ տանտիրուհին աղբանոց է նետում Ամանորից մնացած թանկարժեք կերակուրը, խոր տխրությունը սթրես էլ կարող է դառնալ»,-նշում է հոգեբանը՝ հավելելով՝ այդ ամենը բացատրվում է նրանով, որ կյանքի սովորական ռիթմը խաթարած տոնն իր երկարատեւության պատճառով սկսում է կյանքի նոր ռիթմ դառնալ եւ երբ ավարտվում է, կարծես՝ կյանքում ինչ-որ բան խաթարվում է: «Նոր տարվա հետ հույսեր ունեին մարդիկ, ինչ-որ հրաշքի սպասելիք, սակայն տոնի ավարտին այդ ամենը հօդս է ցնդում: Մնում է միայն դատարկության եւ ինքնասպառման զգացումը»,-մեկնաբանեց Կ. Նալչաջյանը:

Հոգեբանի կարծիքով՝ հետամանորյա բացասական տրամադրությունից դուրս գալու լավագույն եղանակը պրակտիկ կյանքին վերադառնալն է՝ վերսկսելով կիսատ թողած գործերն եւ ձեռնարկումները: