Թբիլիսիի «Նախալովկա» թաղամասի բակերից մեկը մտնելիս միշտ լսվում է 75-ամյա դերձակ Արեւ Կարապետյանի կարի մեքենայի ձայնը: Սենյակից, որտեղ արդեն մոտ 40 տարի զբաղվում է իր արհեստով, Արեւը  դուրս չի եկել 7 տարեկանից:

«7 տարեկանում գնացի գետում լողանալու:Երկու շուն գետում նստած բարձրացան եւ եկան դեպի ինձ: Նրանցից մեկը սպիտակ էր, մյուսը՝ սեւ: Նրանցից սպիտակը երեք անգամ պտտվեց իմ շուրջբոլորը եւ երեք անգամ հարվածեց ողնաշարիս, որից հետո  ամբողջ մարմինս թմրած վիճակում ես վերադարձա տուն»,-պատմում է նա:

Երբ Արեւը տուն է վերադառնում  ուղիղ մեկ օր քնում է: Արթնանալուց հետո տատը նրան լողացնում է, եւ ինչպես Արեւն է հիշում. «Տատս իմ վրա տաք ջուր էր լցնում, սակայն այն ինձ  սառն էր թվում: Երբ տատս լողացնելուց հետո ինձ գրկեց մարմինս արդեն փայտացած էր, իսկ ոտքերս թուլացած գնում  գալիս էին, այդ օրվանից ես այլեւս չքայլեցի»:

Արեւը 8 ամիս անօգուտ պառկում է հիվանդանոցում, եւ նրա հայրը որոշում է տանել նրան Ծիլքար գյուղ` հայտնի հեքիմի մոտ, սակայն հեքիմն ասում է, որ բուժում չկա: 

Արեւը պատմում է, որ սկզբում, լսելով  բակում խաղացող երեխաների զվարթ ձայները, ինքը դժվարանում էր համակերպվել իր կարգավիճակի հետ, , բայց 11 տարեկանում նա երազ է տեսնում, որտեղ նրա հետ զրուցում է Սուրբ Մարիամ Աստվածածինը եւ ասում. «Ճիշտ է քեզ բուժում չկա, բայց դու միեւնույն է մինչեւ կյանքիդ վերջ սիրտդ ուրախ պահիր, ծնողներիդ մի տանջի»: Այս երազից հետո Արեւը հանգստացել է եւ համոզվել, որ դա էլ իր ճակատագիրն է:

«Երազից հետո, ոնց որ ամբողջ աշխարհը իմ նման լիներ, ես ինձ այնքան երջանիկ էի զգամ եւ դրանից հետո կյանքում չեմ հուզվել»,- ասում է նա:

Արեւիկը, ում  բոլորը «կուկլա» են անվանում, նրա գեղեցկության պատճառով, երբեւէ Աստծուն կատարվածի համար չի մեղադրում եւ շարունակում է իրեն նրա կողմից ընձեռնված շնորհով` դերձակությամբ զբաղվել:

«Աստծուն հավատում եմ, շատ եմ սիրում ու շատ գոհ եմ, որ 75 տարեկան եմ ու չգիտեմ, թե հիվանդությունն ինչ բան է»,- խաչակնքելով ասաց նա:

Արեւ Կարապետյանը մեծ հարգանք է վայելում, թե՜ իր ընտանիքի անդամների, թե՜ հարեւանների մոտ: Նա  լավ խորհրդատու է բոլորի համար: Սենյակում, որտեղ նա կար է անում միշտ աշխուժություն է տիրում եւ մարդաշատ է: Սակայն նրա կյանքն այնպես է դասավորվել, որ բոլորը կարող են դուրս գալ այդ սենյակից, իսկ ինքը՝ ոչ: