ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության սեյսմոլոգիական ցանցի անցած յոթ օրում գրանցած սեյսմիկ իրադարձություններից 25-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից մեկը գտնվում է Հայաստանի տարածքում, հաղորդում է «ՍՊԾ» գործակալությունը:
Մարտի 18-ին 1,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Արագածոտնի մարզի Թալին քաղաքից 6 կմ դեպի հարավ-արեւելք:
Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 14 երկրաշարժ:
Մարտի 15-ին 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Իգդիր քաղաքից 42 կմ դեպի հարավ-արեւմուտք: Հաջորդ օրը Թուրքիայում` Վան քաղաքից 25 կմ դեպի հյուսիս, գրանցվել է 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Նույն էպիկենտրոնային գոտում մարտի 16-ից մինչեւ 21-ը գրանցվել է 3-5 բալ ուժգնությամբ 8 ստորգետնյա ցնցում: Մարտի 17-ին 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի Էրկիզ քաղաքի մատույցներում:
Մարտի 16-ին Իրանի Խոյ քաղաքի մատույցներում տեղի է ունեցել երկու երկրաշարժ՝ 3 բալ եւ 3-4 բալ ուժգնությամբ: Մարտի 20-ին Իրանի Մարանդ քաղաքի մատույցներում գրանցվել է 3 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցում:




























