Տարածաշրջանը ծայրահեղ ծանր ժամանակաշրջան է ապրում եւ կանգնած է նոր մարտահրավերների առջեւ։ Այս մասին մարտի 27-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թեւան Պողոսյանը։  

Նրա խոսքով, մի քանի տարի առաջ, երբ Իրանի միջուկային ծրագրի կարգավորման գործընթացն էր ընթանում, բոլորն ուրախանում էին, որ այդ խնդիրը կլուծվի եւ Հայաստանը նույնպես կկարողանա սրանից շահել։ «Սակայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վարչակազմի  նոր նշանակումները բերել են նրան, որ Իրանը կրկին հայտնվել է մեկուսացման վտանգի առջեւ»,–նշել է Պողոսյանը։ 

Իր հերթին, Թուրքիան, քաղաքագետի խոսքով, ամեն օր ձեռնարկում է նոր, ավելի ակտիվ միջնորդության փորձեր Սիրիայում եւ ընդհանուր առմամբ, Մերձավոր Արեւելքում։ Անկարան փորձում է բարձրացնել իր դերը տարածաշրջանում։ Միաժամանակ Պողոսյանը նշել է, որ Մերձավոր Արեւելքի հարցերով բազմաթիվ փորձագետներ կարծում են, որ տարածաշրջանում Թուրքիայի քաղաքականության հաջորդ զոհերը Աֆրինի քրդերից հետո հայերն են լինելու իրենց կոմպակտ բնակության վայրերով։ 

Սա, նրա կարծիքով, նշանակում է, որ Հայաստանի համար կարող են որոշակի խնդիրներ առաջացնել համայնքի ներկայացուցիչների տարհանման հարցում. «Հայաստանը, անհրաժեշտության պարագայում, պետք է հնարավորություն ունենա արագ եւ շարժունակ կերպով կազմակերպել իր քաղաքացիների տեղափոխումը աշխարհի ցանկացած կետից իրենց պատմական հայրենիք, որը չի նկատվում:

Հենց այդ պատճառով Սիրիայում եւ Իրաքում բնակվող հայերին պետք է նախապես Հայաստան տեղափոխել եւ չսպասել հերթական իրավիճակի ապակայունացմանը Մերձավոր Արեւելքում, որը մոտակա ժամանակներս Թուրքիան կարող է լարել»,–եզրափակել է Թեւան Պողոսյանը։