Խորհրդանշական է, որ Հայոց ցեղասպանությունը, ոչնչացման սպառնալիքը վերապրած հայ ժողովուրդը վերածնվել է եւ այժմ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների եւ ցեղասպանությունների դեմ ակտիվ պայքարողների շարքում է: Այս մասին Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից ընդունված ցեղասպանության կանխարգելման մասին բանաձեւի վերաբերյալ Հայաստանի նախաձեռնությունը:

Նախարարի խոսքով՝ այս տարվա նախաձեռնությունը կապված է 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունված Մարդու իրավունքների կոնվենցիայի 70-ամյակին: Նախարարը հիշեցրել է, որ Կոնվենցիայի հեղինակներից մեկը Ռաֆայել Լեմկինն է, ով, հղում կատարելով Հայոց ցեղասպանությանը, առաջ է քաշել «ցեղասպանություն» սահմանումը:

«Պատահական չէ, որ այս տարվա դեկտեմբերի 9-ին՝ Կոնվենցիայի ընդունման օրը, Ժնեւում որպես բանաձեւի ընդունման շարունակություն մենք ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված Համաշխարհային համաժողով կանցկացնենք: Այս բանաձեւը վերահաստատում է Կոնվենցիայի դրույթները, ինչը հանցագործությունների կանխման տեսանկյունից շատ կարեւոր է: Անպատժելիությունն ու ժխտումը խոչընդոտներ են կանխարգելման գործում»,- ընդգծել է նախարարը:

Նա հիշեցրել է, որ 2015 թվականին Հայաստանը հանդես է եկել համանման նախաձեռնությամբ, որը ընդունվել էր Ժնեւի կողմից: Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ եւ՛ այն ժամանակ, եւ՛ այժմ Լյուքսեմբուրգը բանաձեւի համահեղինակն է: Այսօր բանաձեւին 56 երկիր է միացել, այն բաց է ստորագրման համար: Արտգործնախարարի խոսքով՝ Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2015 թվականին որոշում էր ընդունել դեկտեմբերի 9-ը որպես Ցեղասպանության զոհերի եւ մարդկության դեմ հանցագործությունների հիշատակի օր հռչակման մասին:

Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ Համաշխարհային ֆորումի հիմնական թեման կլինի Կոնվենցիայի մասին իրազեկումը կրթության միջոցով: «Կարծում եմ, որ միջազգային հանրությունը դեռ շատ անելիքներ ունի, քանի որ Հայոց ցեղասպանությունից անգամ 100 տարի անց եւ Կոնվենցիայի ընդունումից 70 տարի անց մարդկության դեմ ուղղված հանցագործությունները շարունակվում են, եւ դա խնդիր է ամբողջ աշխարհի համար: Հայաստանն այս առումով կշարունակի ջանք գործադրել միջազգային հանրության հետ միասին»,- նշել է ԱԳՆ ղեկավարը: