Վենեսուելայում ավելի վաղ հայտարարված վերանվանման գործընթացի մեկնարկից հետո սննդամթերքի գները մայիսի 1-ից կնշվեն ինքնիշխան բոլիվար կոչվող նոր ազգային արժույթով: Այս մասին ասվում է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրամանագրում, որը երեքշաբթի օրը հրապարակվել էր La Gaceta Oficial պաշտոնական վենեսուելական պարբերականում:

Մայիսի 1-ից սկսած սննդամթերքի գները «կնշվեն ինքնիշխան բոլիվարներով (BsS)»՝ այժմ շրջանառության մեջ գտնվող բոլիվարների (Bs) հետ մեկտեղ, որոնք, սակայն, շուտով դուրս կգան շրջանառությունից, նշվում է նախագահի հրամանագրում: Դա արվում է, որպեսզի երկրի բնակչությունը կարողանա ավելի արագ ընտելանալ նոր արժույթին:  BsS-ի համեմատ հին Bs-ը ուղիղ հազար անգամ ավելի էժան կլինի:

Մադուրոն ազգային արժույթի վերանվանման անցկացման մասին հայտարարել էր մարտի 22-ին՝ հույս ունենալով այս քայլով ամրապնդել երկրի տնտեսությունը: Նախագահը նշել է, որ հունիսի 4-ից շրջանառության մեջ գտնվող բոլիվարն ամբողջությամբ կհանվի շրջանառությունից: