Սերժ Սարգսյանը կարեւորում է գիտության ասպարեզում սերնդափոխության խնդրի լուծումը: Նախագահն այս մասին ասել է այսօր՝ մարտի 28-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 2017 թվականի գիտական եւ գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ:
Նախագահը ողջունել է Ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի մասնակիցներին՝ ընդգծելով, որ գիտնականների հետ իր հանդիպումներն ու Ակադեմիայի տարեկան ժողովներին ավանդաբար մասնակցությունը ոչ միայն հարգանքի դրսեւորում է գիտնականների նկատմամբ, այլեւ գիտական հանրույթի խնդիրներին, գործունեությանը, գիտության վիճակին ծանոթանալու ևս մեկ և շատ լավ հնարավորություն: Սերժ Սարգսյանը նշել է, որ գիտնականների հետ պարբերաբար տեղի ունեցող հանդիպումները նույն կերպ շարունակվելու են, որովհետեւ պետության պահանջներն ու ակնկալիքները հայ գիտնականներից շատ մեծ են:
Սերժ Սարգսյանը Հայաստանում գիտության զարգացման նոր մոտեցում է տեսնում. ի տարբերություն տարիներ առաջ եւ հատկապես 2008-2009թթ. գիտնականների ելույթների, որոնք բոլորը հանգում էին ընդամենը մեկ խնդրի՝ ֆինանսների բացակայության, այսօր գիտնականներն իրենք են իրենց աշխատանքի գնահատման արդյունքում եկել եզրակացության, որ անհրաժեշտ է օպտիմալացնել ու եղած միջոցներն արդյունավետ օգտագործել, ինչի մասին խոսվում էր դեռևս 6-7 տարի առաջ:
«Այս մոտեցումն ուղղակի հրամայական է մեր գիտության զարգացման համար»,- նշել նախագահը եւ ընդգծել, որ պետությունը շարունակում է մնալ նույն համոզման. եղած միջոցներով պետք է կարողանալ հասնել առավելագույն արդյունքի: Ցանկալի արդյունքին հասնելուց հետո, պետական եկամուտների մեծացմանը զուգահեռ, ըստ նախագահի, կտրամադրվեն հավելյալ միջոցներ: Նրա խոսքով՝ պետության ներկայիս հնարավորությունների պայմաններում եղած միջոցների արդյունավետ օգտագործմամբ առավելագույն արդյունքի հասնելու մոտեցումը վերաբերում է անխտիր բոլոր ոլորտներին, այդ թվում՝ բանակին, անվտանգությանը:
Սերժ Սարգսյանը նշել է, որ պարբերաբար արծարծվող՝ տեսական և կիրառական նշանակություն ունեցող գիտության հարցերը միայն Հայաստանին չէ, որ մտահոգում են: Դա հավերժական հարց է, որը քննարկվում է բոլոր երկրներում, եւ դրա համար, ըստ նախագահի, պետք է գտնել հավասարակշռված մի մոտեցում, որը թույլ կտա արդարացնել պետության եւ հասարակության ակնկալիքները: Նա, միաժամանակ, պատրաստակամություն է հայտնել գիտության զարգացման եւ հեռանկարային ծրագրերի հետ կապված խնդիրներով մտահոգ գիտնականների հետ առանձին հանդիպել եւ քննարկել հնարավոր լուծումները: «Ե՛վ դուք, ե՛ւ ձեզնից հետո եկողները շատ մեծ գործ ունեն անելու: Փոքր հնարավորություններով մենք լուրջ խնդիրներ պետք է լուծենք»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:





























