Հայաստանի ոռոգման ջրամատակարարման համակարգը որակյալ մասնագետների բացակայության պատճառով արդյունավետ չէ: Այս մասին մարտի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գյուղատնտեսության ոլորտի փորձագետ, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախկին նախարար Գառնիկ Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում արդեն երրորդ տարին շարունակ ոռոգման ջրի պակասի խնդիր է առաջանում, եւ լիազորված մարմինները պետք է լուրջ եզրակացություններ անեն եւ դրանց վերացման համար ծրագրեր մշակեն: «Ջրային ռեսուրսներով հարուստ երկիրը խնդիր ունի դրանց կառավարման հետ: Տարեկան 7 միլիարդ խորանարդ մետր ջրի ընդհանուր պաշարներից միայն 2 միլիարդ խորանարդ մետրն է օգտագործվում խմելու, ոռոգման եւ տեխնիկական ջրամատակարարման համար»,- ասաց Պետրոսյանը:

Ըստ նրա՝ ջրամատակարարման համակարգերում երկար տարիներ իրականացվող նման զգալի ներդրումների դեպքում ջրի պակասը  հանդուրժելն անընդունելի է: Ներկայիս եղանակային պայմաններում, նշեց փորձագետը, երբ ջրամբարները կիսով չափ են լցված եւ հայտնի չէ՝ կլինեն արդյոք տեղումներ առաջիկա ամիսներին, որակյալ մասնագետներ են անհրաժեշտ, որոնք կարող են հաշվարկել ջրի պահանջարկը եւ ճիշտ պլանավորել ոռոգման ջրամատակարարման գործընթացը, գնահատել, թե որ մշակաբույսեր պետք է տնկվեն այս կամ այն շրջաններում, ինչպիսին կլինի ջրի պահանջարկը բուսաճության տարբեր փուլերում, հողերի խոնավության մակարդակը եւ այլ գործոններ:

«Համակարգում ներգրավված բոլոր մարդիկ՝ ինչպես ցածր, այնպես էլ բարձր պաշտոնների, համապատասխան որակավորում չունեն, ինչի պատճառով նույնիսկ Սեւանի թանկարժեք ջրերը լիարժեք եւ արդյունավետ կերպով չեն օգտագործվում, քանի որ ջրատարները անմխիթար վիճակում են գտնվում, եւ ջրի մեծ մասը կորչում է»,- ասաց Գառնիկ Պետրոսյանը: Նրա կարծիքով՝ իրավասու մարմինները պետք է ավելի լուրջ մոտենան ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացմանը, բջջային պոմպերի կիրառման, ինչպես նաեւ ջրաչափային ջրամատակարարմանն անցման համար  համապատասխան ծրագրեր մշակեն: «Հին խորքային հորերի վերականգնումը կամ նորերի հորատումը միայն մասնավոր լուծումներ է տալիս, սակայն խնդիրը ամբողջությամբ չի լուծվում, եւ ներկայումս ինտենսիվ գյուղատնտեսության զարգացման մասին խոսք անգամ լինել չի կարող, եթե չկա կայուն ջրամատակարարում»,- ընդգծեց փորձագետը: