Յուրաքանչյուր քաղաքական ուժ, յուրաքանչյուր քաղաքական գործչի համարում ունեցող անձ, ինչ-որ գործընթաց սկսելուց առաջ պետք է պատասխանատու լինի իր քայլերի եւ դրա հետեւանքների համար: Այս մասին մարտի 28-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի նորընտիր ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը՝ հավելելով, որ քաղաքական գործիչները չպետք է իրենց կեղծ օրակարգերով հիասթափեցնել ժողովրդին:
«Փողոցային պայքարի մասին լավ կարծիք չունենք, որովհետեւ կյանքը ցույց է տվել, որ այդ եղանակներով Հայաստանում արդյունք հնարավոր չէ արձանագրել: Կարծում ենք, որ հերթական հիասթափություն է սպասվում այն քաղաքական ուժերին, որոնք փորձում են փողոցային պայքարով այս օրակարգերն առաջ տանել»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլի 9-ից հետո, երբ Սերժ Սարգսյանը վայր դնի իր լիազորությունները, իշխանությունը փողոցում գցած կլինի եւ ժողովուրդը այն կարող է վերցնել, Համբարձումյանն արձագանքեց. «Իլյիչի ժամանակները վաղուց անցել են: 100 տարի առաջ Լենին հայտնի արտահայտությունը, որ իշխանությունը փողոցում գցած է եւ պետք է գնալ ու վերցնել, Հայաստանում չաշխատող տարբերակ է: Չեմ կարծում, որ մարդիկ այսօր իրենց պետք է Լենինի տեղը դնեն ու փորձեն այդ կարգախոսներով արդյունք արձանագրեն»:
Բացի այդ, ինչպես նշեց Արսեն Համբարձումյանը, Հայաստանը շատ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում է գտնվում, չլուծված ղարաբաղյան խնդիր ունի, չափազանց լարված հարաբերություններ երկու հարեւանների հետ, եւ ներքաղաքական իրավիճակի ցանկացած սրացում, որը կարող է հանգեցնել հանրապետության իրավիճակի ապակայունացման, ցանկալի չէ:
Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պատրաստվում է փողոցային պայքար սկսել՝ կանխելու համար Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի վերարտադրությունը:




























