ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարեւոր է համարում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» նոր օրենքի ընդունումը:

«Օրենքի ընդունումով նախադրյալներ կստեղծվեն հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համար մատչելի պայմանների եւ հավասար հնարավորությունների ապահովման, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մոնիթորինգային մեխանիզմի ստեղծման համար, ինչպես նաեւ կտեղայնացվեն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթները»,- Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից օրենքի նախագծի վերաբերյալ կազմակերպված լսումների ժամանակ ասել է Արման Թաթոյանը:

Նրա դիտարկմամբ՝ հասարակությունում առկա կարծրատիպերի, օրենսդրական թերի կարգավորումների, ինչպես նաեւ միջավայրային անհարմարությունների հետեւանքով է, որ հաշմանդամություն ունեցող անձինք առօրյա կյանքում բազմիցս հանդիպում են խոչընդոտների իրենց իրավունքների իրացման, սոցիալական ներառման եւ անկախ կյանք վարելու հարցերում:

«Ոլորտի խնդիրների լուծման արդյունավետությունն ուղղակիորեն կապված է նաեւ մասնակցային գործընթացի հետ: Որոշումների կայացմանը պետք է մասնակից դառնան հաշմանդամություն ունեցող անձինք, նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները»,-նշել է Պաշտպանը:

Հիշեցնենք, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ Պաշտպանին վերապահվելու է օրենքի, ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կիրարկման եւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ մշտադիտարկում իրականացնելու լիազորությունը։