Հունաստանի պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսը Երեւան կատարած պաշտոնական այցի շրջանակներում այցելել է Սպառազինությունների եւ պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2018» միջազգային ցուցահանդես։
Մամուլի ասուլիսի ժամանակ նախարարը նշել է, որ տպավորված է ցուցահանդեսով եւ շնորհավորել է կազմակերպիչներին ցուցահանդեսի հաջող անցկացման համար. «Այցի ընթացքում ես հնարավորություն ունեցա հանդիպել գործընկերոջս հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր»,–նշել է նախարարը։
Պանայոտիս Կամենոսը ընդգծել է, որ Հայաստանին ու Հունաստանին միավորում են ընդհանուր արժեքներն ու ընդհանուր պատմությունը. «Մենք ցեղասպանությունների զոհեր ենք»,–հայտարարել է նա։
Անդրադառնալով պաշտպանության ոլորտում համագործակցության թեմային՝ նա նշել է, որ ռազմական համագործակցությունը, ինչպես քաղաքական կապերը, ամենաբարձր մակարդակի վրա են. «Հայաստանն ու Հունաստանը կանգնած են ընդհանուր մարտահրավերների առաջ: Սա պահանջում է համապատասխան մոտեցումներ։ Ինձ համար պատիվ է Հայաստան գալը։ Ես եղբայրական երկրում եմ։ Մեր ընդհանուր արժեքներն ամուր կապ են ստեղծում։ Մենք ընդհանուր ժառանգություն ունենք, որով կարող ենք հպարտանալ։ Պատմական կապերը ավելի են ամրապնդվել ընդհանուր հետապնդումների արդյունքում»,–նշել է նախարարը։
Նրա խոսքով, վաղը ցուցահանդեսի շրջանակներում կկայանա հայկական եւ հունական ընկերությունների ներկայացուցիչների հանդիպումներ։




























