Մարտի 29-ին ՀՀ կառավարության առջեւ բողոքի ակցիա անցկացրած մասնավոր տաքսիների վարորդները քաղաքացիների դիմումների ընդունման եւ քննարկման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանի հետ փակ հանդիպումից հետո լրագրողներին պատմեցին ձեռքբերված արդյունքների մասին:
Այդպես, ակցիայի մասնակիցներից մեկի՝ մասնավոր տաքսիի վարորդ Վահե Պետրոսյանի խոսքով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել նոր հանդիպում անցկացնելու մասին: «Մենք պատմեցինք մեր խնդիրների մասին, յուրաքանչյուրը հարց ուղղեց եւ, ի վերջո, մենք համաձայնության եկանք, որ այդ խնդիրենրը՝ յուրաքանչյուրը առանձին, պետք է ներկայացվեն գրավոր տեսքով եւ հանձնվեն պարոն Ղազարյանին, ինչից հետո մենք ակնկալում ենք ստանալ նշված յուրաքանչյուր հարցի պատասխանը»,- պարզաբանեց Պետրոսյանը:
Ընդ որում, նրանք ակնկալում են պատասխան ստանալ հարցին՝ արդյո՞ք համաներում է տրվելու նաեւ այն վարորդներին, որոնք տուգանվել են սխալ կայանման համար, արդյո՞ք լիցենզավորման ընթացակարգի փոփոխություններ կլինեն եւ այլն:
Վարորդը նշեց, որ նրանք նախկինում եւս նմանատիպ հայտարարություն են գրել եւ ներկայացրել կառավարությանը, սակայն ամեն անգամ ամեն ինչ հիասթափությամբ է ավարտվել:
NEWS.am-ի թղթակցի հարցին, թե երբ են նրանք ակնկալում կառավարության կողմից պատասխան ստանալ իրենց հուզող հարցերին, Վահե Պետոսյանը նշեց, որ հույս ունեն պատասխան ստանալ 10 օրվա ընթացքում, թեպետ կոնկրետ օրվա մասին չեն պայմանավորվեկ: Իսկ եթե նրանց խնդիրները, ըստ Պետրոսյանի, պատշաճ կերպով չլուծվեն, ապա նրանք կշարունակեն բողոքի ցույցերը եւ անհրաժեշտության դեպքում ուժի կդիմեն: «Մենք կհամախմբենք մարդկանց միասնական գաղափարի միջոցով: Ուժային ազդեցություն մենք կգործենք մեր միասնության միջոցով», - եզրափակեց Վահե Պետրոսյանը:
Տաքսիի վարորդները պայմանավորվել են կառավարությանը ներկայացնել իրենց պահանջների ցանկը
Հասանելի է
русский


























