Հայկական կողմը բարձր է գնահատում ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը Հունաստանի հետ: Այս մասին պաշտոնական այցով Երեւանում գտնվող Հունաստանի պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ հանդիպման ժամանակ քննարկվել է 2016 թվականի դեկտեմբերին Աթենքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարումը եւ աշխատանքի նոր ոլորտների սահմանումը: Նախարարը գոհունակությամբ նշել է, որ բոլոր պայմանավորվածությունները ժամանակին իրականացվում են:

Վիգեն Սարգսյանը նշել է տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ դիրքորոշումների ընհանրությունը եւ հայտնել, որ իր գործընկերոջը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Նախարարը իր հույն գործընկերոջը ներկայացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանին եւ Արցախի եւ Ադրվեջանի ԶՈՒ-ների շփման գծում տիրող իրավիճակը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել հունական կողմին հայ սպաների վերապատրաստմանն աջակցելու համար: Նրա խոսքով՝ Հունաստանում արդեն մոտ 170 հայ սպա է ուսում ստացել: Հայ նախարարն անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերությունների մասին, իր գործընկերոջը տեղեկացրել է հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման մասին: Անդրադառնալով Թուրքիայի կողմից երկու հույն զինծառայողի գերեվարմանը՝ նախարարն իր աջակցությունն է հայտնել Հունաստանի իշխանություններին՝ շեշտելով, որ իրավիճակի կարգավորման համար բարի կամք եւ ճկուն վերաբերմունք է անհրաժեշտ:

Այցի շրջանակում Հունաստանի Պաշտպանության նախարարը այցելել է Երեւանում անցկացվող ArmHitec զենքի եւ պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը: Կողմերն արձանագրել են, որ ցուցահանդեսի նմուշների հետ ծանոթանալը լրացուցիչ խթան կհանդիսանա հարաբերությունների զարգացման համար: