Լիտվայի կինոարտադրողների միությունում մարտի 29-ին կայացել է հայ կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի դիտումը։

Լիտվայում ՀՀ դեսպանատնից NEWS.am-ին հայտնում են, որ  ֆիլմի ներկայացմանը մասնակցում էին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ֆիլմի դերասաններ Սանդրա Դաուկշայտեն (Լիտվա), Հոմայուն Էրշադին (Իրան), «Վերջին բնակիչը» ֆիլմի համաարտադրող լիտվական «Արտբոքս» ընկերության ներկայացուցիչ Կեշտուտիս Դրաժդաուսկասը։

Դեսպան Մկրտչյանը նշեց, որ արցախյան շարժման 30-ամյակի առիթով ֆիլմի առաջին դիտումը Լիտվայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր փետրվարի 26-ին և հավելեց, որ ուրախ է, որ ֆիլմը մեծ հետաքրքրություն է առաջացրել լիտվական հասարակությունում։ Դեսպանը նաև նշեց, որ պլանավորվում է հավելյալ դիտումներ իրականացնել Լիտվայի տարբեր կինոթատրոններում։

Տիգրան Մկրտչյանը հակիրճ ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության նախապատմությունը, այդ խնդրի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացման անհրաժեշտությանը՝ շեշտելով, որ ֆիլմը պարունակում է կարևոր ուղերձներ։