ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին չի մտահոգում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովը շրջափակելու ծրագիրը: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ քննարկում են բոլոր հարցերը. «Ընդդիմադիրներն իրենց գործն են կատարում, ես նորմալ եմ նայում, բոլոր ժողովրդավարական երկրներում կան նման քաղաքական գործընթացներ, մենք բոլոր հարցերը կքննարկենք»,-նշեց Բաղդասարյանը:
NEWS.am-ի հարցին՝ շրջափակված Ազգային ժողով մուտք գործելու տարբերակնե՞րն են քննարկելու, Բաղդասարյանը պատասխանեց. «Մենք նիստից հետո արդյունքները կամփոփենք եւ կխոսենք լրագրողների հետ»:
Բաղդասարյանը Նիկոլ Փաշինյանի քայլարշավին անդրադառնալիս՝ հեգնել է, թե ինքն էլ ամեն առավոտ մի քանի կիլոմետր քայլում:
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մարտի 31-ից Գյումրիից քայլերթ են սկսել, որը կավարտեն ապրիլի 13-ին, Ազատության հրապարակում: Նա հայտարարել է, որ ժողովրդի ճնշմամբ կհասնեն Սերժ Սարգսյանի վերարտադրության կանխմանը: Փաշինյանը նշել է, որ մտադիր են ապրիլի 17-ին շրջափակել ԱԺ-ն ու թույլ չտալ, որ Սերժ Սարգսյանը վարչապետ դառնա:
Հիշեցնենք, որ վարչապետը ընտրությունը ԱԺ-ում տեղի է ունենալու ապրիլի 17-ին:



























