Փարիզի արվարձանում գտնվող Սեն Դընի ֆրանսիական համայնքի քաղաքապետ Բալի Բագայոկոն Փարիզում դուրս է եկել ուսանողների ու աշակերտների զանգվածային ցույցին և հայտնվել ոստիկանների կիրառած արցունքաբեր գազի ազդեցության տակ, հայտնում է «RTL» ռադիոկայանը։
«Սեն Դընիի քաղաքապետ Բալի Բագայոկոն երեքշաբթի՝ հոկտեմբերի 6-ին, Փարիզում սովորողների ցույցի ժամանակ հայտնվել է արցունքաբեր գազի ազդեցության տակ», — հայտնել է ռադիոկայանը։
Հաղորդվում է, որ Սեն Դընիի քաղաքապետը, ինչպես նաև «Չենթարկվող Ֆրանսիա» կուսակցության հիմնադիր Ժան-Լյուկ Մելանշոնը, մասնակցել են Փարիզում ուսանողների և դպրոցականների երթին։
Բագայոկոն հայտնվել է ոստիկանության և բողոքավորների միջև բախումների բուն էպիկենտրոնում, իսկ արցունքաբեր գազը լցվել է ուղիղ նրա աչքերի մեջ։ Ոստիկանների կողմից գազ կիրառելուց հետո քաղաքապետի աչքերին ֆիզլուծույթ են կաթեցրել։
Ցույցի ընթացքում Բագայոկոն կառավարությանը կոչ է արել կոնկրետ պատասխաններ տալ վրդովված սովորողների հարցերին և հայտարարել է բողոքի ակցիաներում բռնության թուլացման անհրաժեշտության մասին։
Աջակողմյան «Boulevard Voltaire» պարբերականի տեղեկություններով՝ Սեն Դընիի քաղաքապետը փորձել է կանգնել ոստիկանների և ջարդարարների միջև, իսկ ավելի ուշ մի քանի անձինք դուրս են բերել նրան ամբոխից։ Ենթադրվում է, որ նրանք կարող էին լինել նրա կուսակցության անվտանգության ծառայության աշխատակիցները։
Սա առաջին անգամը չէ, երբ Սեն Դընիի քաղաքապետը նկատվում է բողոքող դպրոցականների ամբոխում։ Սեպտեմբերի վերջին նա դուրս էր եկել Սեն Դընիի լիցեյի մոտ հավաքված ցուցարարներին աջակցելու։





























