Կառավարությունը պարտադիր ապահովագրության վերջնաժամկետ էր սահմանել 2010 թվականի դեկտեմբերի 31-ը, սակայն հունվարի 13-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ֆիքսել է, որ ՀՀ կառավարության 5 գերատեսչությունների ղեկավարների ծառայողական ավտոմեքենաների վրա չկա ԱՊՊԱ-ի կտրոն։

Տեղեկացնենք, որ առանց ԱՊՊԱ-ի մեքենաներով կառավարության հունվարի 13-ի նիստին էին եկել Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Լեքսուս մակնիշի 002 ԼԼ 55 համարանիշի, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը BMW մակնիշի 009 ԼԼ 55 համարանիշի, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Նիսան մակնիշի 011 ԼԼ 55, Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ֆոլքսվագեն Տուարեգ մակնիշի 012 ԼԼ 55 համարանիշի, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը Տոյոտա Պրադո մակնիշի 088 ԼԼ 55 համարանիշի, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը Մերսեդես մակնիշի 001 ԼՍ 01 համարանիշի ավտոմեքենաներով։

Ի դեպ կառավարության այսօրվա նիստում Տիգրան Սարգսյանը հանձնարարել է Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին անձնական ուշադրության տակ պահել ԱՊՊԱ-ի տեղեկատվական եւ Ճանապարհային ոստիկանության ծառայության տեղեկատվական-փնտրողական համակարգերի միջեւ տեղեկատվության փոխանակման կարգը։

Վարչապետը համոզմունք է հայտնել, որ ԱՊՊԱ-ի ներդրումն արդարացված է եւ մոտ ժամանակներս ցանկալի արդյունք կտա։ Տպավորություն է ստեղծվում,մ որ վարչապետը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում նույն կառավարությունում։ Եթե նիստին ներկա չինովնիկերը չեն ապահովագրել իրենց սպասարկող ավտոմեքեները, ապա ի՞նչ իմաստ ունի ԱՊՊԱ համակարգի արդյունավետության մասին խոսել։

Հավելենք նաեւ, որ նշված բոլոր չինովնիկների ծառայողական ավտոմեքենաների դիմապակու վրա բացակայում էր նաեւ տեխզննման կտրոնները։ Հետաքրքիր է, Ճանապարհային ոստիկանության տեսուչները նկատե՞լ են այդ լուրջ բացթողումը։ Բոլորս գիտենք, որ տեխզննման եւ ԱՊՊԱ-ի կտրոնի բացակայության դեպքում ՃՈ տեսուչը իրավունք ունի վարչական արձանագրություն կազմել օրինախախտ վարորդի նկատմամբ։ Իսկ ՀՀ ոստիկանապետն ու ՃՈ պետը բազմաթիվ անգամ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպումներում հայտարարում էին, թե իրենց համար տարբերություն չկա, օրինախախտ վարորդը նախարար է, ԱԺ պատգամավոր, օլիգարխ, թե հասարակ քաղաքացի։

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի