«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այսօր` ապրիլի 4-ին, ավարտեցին օրվա համար նախատեսված քայլարշավը եւ ճամբար խփեցին Թեժ լեռան ստորոտին: Այս մասին տեսաուղերձով հայտնում է Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում:

«Մենք հույս ունենք Ազատության հրապարակում ապրիլի 13-ին, ժամը 18:30-ին  նախատեսվող հանրահավաքում տեսնել 100 հազարվոր քաղաքացիների եւ մենք շատ հստակ ենք պատկերացնում,թե ինչպես ենք այդ քաղաքացիների կամարտահայտությունը վերածելուկոնկրետ քաղաքական արդյունքի եւ ըստ էության չենք թաքցնում ոչինչ: Մեզ անհրաժեշտ է այնքան մարդ, որ կարողանանք ամբողջությամբ շրջափակել ԱԺ շենքը եւ խորհրդարանական մեծամասնությանը ցույց տանք ժողովրդի կամքը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր կատարել են 18745 քայլ, ընդհանուր առմամբ 110 հազար քայլ արդեն արել են քայլերթի մասնակիցները: Այսօրվա դրությամբ քայլերթի մասնակիցներն անցել են 71 կիլոմետր:

Նշենք, որ քայլերթը մարտի 31-ին, Գյումրիից Նիկոլ Փաշինյանը մենակ սկսեց, սակայն ընթացքում նրան էին միանում իր թիմակիցները: Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում են քայլել շուրջ 200 կմ կամ 3500 քայլ, որը կավարտեն Երեւանի Ազատության հրապարակում, ապրիլի 13-ին, ժամը 18.30-ին: Ընդհանուր առմամբ, քայլերթը կշարունակվի 14 օր: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները իրենց առջեւ խնդիր են դրել անցնել Հայաստանի 5 խոշորագույն քաղաքներով՝ Գյումրիով, Վանաձորով, Սպիտակով, Դիլիջանով, Աբովյանով, Հրազդանով: «Մեր այս քայլը քայլ է ընդդեմ Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետի, ՀՀԿ-ի եւ քայլ է հանուն ՀՀ քաղաքացու հաղթանակի: Այս ակցիայով խնդիր ունենք որոշակի վստահություն, հավատ ներշնչենք ՀՀ քաղաքացիների ուժերի նկատմամբ, որ նրանք կարող են դուրս գալ հրապարակ եւ թույլ չտալ Սերժ Սարգսյանին գալ իշխանության»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: