Մարդու իրավունքների պաշտպանը 2017 թվականի տարեկան հաղորդմամբ ներկայացրել է Հայաստանի զինված ուժերում մարդու իրավունքների ոլորտում առկա օրենսդրական եւ գործնական խնդիրները՝ միաժամանակ կարեւորելով Պաշտպանության նախարարության հանձնառությունն առավել ուժեղացնելու ուշադրությունը ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի նկատմամբ, ինչպես նաեւ համագործակցությունն իր աշխատակազմի հետ:

«2017 թվականի ընթացքում զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից հատկապես կարեւոր է եղել ՀՀ պաշտպանության նախարարության հետ արդյունավետ համագործակցությունը:

Մասնավորապես, պարբերաբար կազմակերպվել են համատեղ քննարկումներ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ: 2017 թվականի ընթացքում համատեղ այցեր են կատարվել նաեւ կայազորային զինվորական հոսպիտալներ, որտեղ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների շրջանակներում ուսումնասիրվել են զինծառայողների բուժման ընթացքը, արդյունքները եւ զինծառայողների բժշկական փաստաթղթերը: 2017 թվականի ընթացքում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ներկա են գտնվել նաեւ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նիստերին, ստացված բողոքների շրջանակներում համատեղ քննարկվել են զորակոչիկների առողջական վիճակին առնչվող հարցերը», -  նշված է տարեկան հաղորդման «Մարդու իրավունքները Հայաստանի Հանրապետության զինված ուժերում» բաժնում:

Պաշտպանն արձանագրում է, որ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ քննարկումների եւ այցերի արդյունքում նշանակվել են զորակոչիկների առողջական վիճակի բժշկական, զինծառայողների՝ կրկնակի ռազմաբժշկական փորձաքննություններ, զինծառայողները ուղեգրվել են զինվորական հոսպիտալներ եւ ստացել են համապատասխան բուժում:    

Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի օրենսդրական առաջարկի հիման վրա «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ նոր օրենքում տեղ են գտել մի շարք կարեւոր կարգավորումներ: Մասնավորապես, նախատեսվել են դրույթներ բժշկական փորձաքննության արդյունքներով քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ տրամադրվող եզրակացության կառուցվածքի եւ բովանդակության, քաղաքացուն այդ եզրակացության տրամադրման, ինչպես նաեւ դրա բողոքարկման ժամկետների վերաբերյալ:

Օրենքում նախատեսվել է նաեւ, որ հայտարարված զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված եղբայրներն իրենց ցանկությամբ ծառայության են նշանակվում միեւնույն զորամասում, եթե ծառայության մեջ գտնվող եղբոր ծառայության ժամկետը չի գերազանցում 17 ամիսը:

Տարեկան հաղորդման մեջ խոսվում է նաեւ այլ կարգավորումների մասին: